05.03.2007

Օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ անցագրային կետի սահմանապահների կողմից արգելվել է Երևան-Վիեննա չվերթի երեք ուղևորների թռիչքը, որոնք ներկայացրել էին Իսրայելի քաղաքացու կեղծ անձնագրեր:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Իսրայելի քաղաքացու կեղծ անձնագրերը նրանք 2500 ԱՄՆ դոլարով ձեռք են բերել ՀՀ քաղաքացի, 1968թ. ծնված Սամվել Սուրենի Գրիմբերգից:

Սամվել Գրիմբերգի բնակարանում իրականացված  խուզարկությամբ հայտնաբերվել են կեղծ կնիքներ և դրոշմներ, Իսրայելի, Մոլդովայի, նախկին ԽՍՀՄ նմուշի, ինչպես նաև ՌԴ և ՀՀ քաղաքացու տասնյակ անձնագրեր, այլ փաստաթղթեր:

Ս. Գրիմբերգի և նշված քաղաքացիների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 325 հոդվածի 1-ին մասի և 38-34-329 հոդվածների 1-ին մասի հատկանիշներով:

Սամվել Գրիմբերգը կալանավորված է: Ներկայումս իրականացվում  են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ ապօրինի միգրացիայի կազմակերպման մանրամասները և դրան առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն