19.03.2010

ՀՀ ԱԱԾ մարմինների  կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում բացահայտվել և կասեցվել է  դեղերի  պիտանելիության  ժամկետների  փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ  և վաճառքով զբաղվող  անձանց գործունեություն:

Պարզվել է, որ Երևան քաղաքի  բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաև ժամկետը  սպառվող  զգալի  քանակությամբ դեղեր և հատուկ  գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց  պիտանելիության  ժամկետների  կեղծում: Առանձին դեպքերում, Տ. Ավետիսյանը էժանագին դեղերի վրա  փակցրել է կեղծ պիտակներ և այլ դեղերի անվան տակ դրանք  մի քանի անգամ թանկ գնով  վաճառել :
Ընթացքում  Տ. Ավետիսյանն իր հանցավոր գործունեության մեջ է ներգրավել  Երևան քաղաքի բնակիչներ Մկրտիչ Մխիթարյանին և Մինաս Պետրոսյանին, որոնց աջակցությամբ մի շարք  դեղատներ է հանձնել  խոշոր  չափերի հասնող ժամկետանց և կեղծ  դեղեր:
Դեղատներում  առկա կեղծ  և կեղծված  պիտանելիության ժամկետներով  դեղերն առգրավվել են: Տ. Ավետիսյանի  տանից  հայտնաբերվել և առգրավվել է ժամկետանց  դեղերի մեծ  տեսականի, տարբեր դեղերի  նոր պիտակներ  և  ժամկետների  կեղծման  նպատակով  օգտագործվող  պարագաներ:
Նշված  հանցագործության կատարումը հնարավոր է դարձել   դեղատների կողմից <Դեղերի մասին> ՀՀ օրենքի և դեղերի  շրջանառությանն առնչվող գործող  կարգերի պահանջների կոպիտ խախտումներ թույլ տալու  արդյունքում:
Փաստի առթիվ  հարուցված  քրեական  գործի նախաքննությունը  կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական  վարչությունը:
 ( տեսանյութ)

 ՀՀ ԱԱԾ  Մամուլի կենտրոն