30.01.2007

Ադրբեջանի իշխանությունները, հավանաբար լրջորեն անհանգստացած 2006թ. դեկտեմբերի 20-ին հնչած իրենց համար անակնկալ հայտարարությունից այն մասին, որ բացահայտվել և դատապարտվել է ազերի հերթական գործակալը, որոշել են պատասխան քայլ հորինել, որն իր բովանդակությամբ բուլվարային դետեկտիվ է հիշեցնում:

Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկատվության, Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղի բնակիչ ոմն Արիզ Ջամալ օղլի Խալիլովն իբր համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, ձերբակալվել ու դատապարտվել է «լրտեսության ու դավադիր խմբի կազմում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման» մեղադրանքով:

Չարչի Ջամալ օղլիի գործողությունների շրջանակը, հավանաբար հաշվի առնելով նրա «բացառիկ ընդունակությունները», ներկայացվում է շատ լայն՝ սկսած առևտրային բնույթի «մանր հանձնարարությունների» կատարումից մինչև լայնածավալ ահաբեկչություն: Փորձելով իրենց հերոսին հաղորդել ամենակարողի կերպար՝ սցենարի հեղինակները սկզբում նրան են վերագրում խոշոր նավթային ենթակառուցվածքի, այնուհետև Բաքվի մետրոպոլիտենի պայթյունի նախապատրաստությունը, իսկ վերջում՝ չգիտես ինչու բավարարվում՝ ինչոր առևտրի կենտրոնով:

Նման էժանագին հնարքները նպատակ են հետապնդում սեփական ժողովրդի մոտ հատուկ ծառայության արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծել: Հարևան երկրի գրչակներին խորհուրդ կտանք դավադրության մյուս մասնակիցներին բացահայտելու համար լրջորեն ուսումնասիրել սեփական հատուկ ծառայությունների անփառունակ գործունեությունը և հուսով ենք, մի փոքր ջանքերի ու երևակայության շնորհիվ դետեկտիվի սյուժեն գոնե ավարտուն տեսքի կբերվի:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն