30.11.2006

Դավիթ Շահնազարյանի հետ բարեկամական կապերի շնորհիվ, ընդամենը 1 տարի 2 ամիս ԱԱՊՎ-ի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, Գուրգեն Եղիազարյանը, մոռանալով ոստիկանությունում իր երկարամյա աշխատանքային ժամանակաշրջանը, հաճախ ներկայանում է որպես ԱԱ նախկին փոխնախարար և «մեծն հետախույզ»:

Իշխանությունների նկատմամբ թունավոր մոլուցքով համակված այս այրը, մոռացության մատնված իր ինքնությունը երևան բերելու համար, մտնելով որոշակի քաղաքական խաղերի մեջ, փորձում է վարկաբեկիչ հարցազրույցներով, և հիվանդ երևակայության արդյունքում ծնված «սենսացիաներով», քարկոծել մարդկանց, որոնց ազնվությունը և պրոֆեսիոնալիզմը հայտնի են իրավապահ մարմինների շրջանակներին:

Չանդրադառնալով հարցազրույցում առկա ստահոդ մեկնություններին և անզեն աչքով տեսանելի զրպարտանքներին, կարծում ենք, որ «աշխարհացունց» տեղեկատվության հեղինակը, հաշվի առնելով իր սպայական անցյալը, ոչ թե թերթերում խարդավանքներով պիտի հանդես գար, այլ դիմեր համապատասխան մարմիններին: Թերևս հարկ է մի փոքր անդրադառնալ Գուրգեն Եղիազարյանի անփառունակ «հետախուզական գործունեությանը»: ԱԱՊՎ-ում ծառայելու ընթացքում նրա բոլոր ջանքերը  ուղղված են եղել համակարգի աշխատանքների կազմալուծմանն, կեղծիքներով անմեղ մարդկանց նկատմամբ շինծու «գործ սարքելուն»:  Նա Հայաստանի հատուկ ծառայությունների վերջին շրջանի ղեկավարներից միակն էր, որն իրեն թույլ էր տալիս հաճախ աշխատանքի ներկայանալ հարբած վիճակում:

Ժամանակին պատասխանատվության չենթարկվելը նրան ամենաթողության պատրանքով է համակել և պատուհաս դարձրել հանրության համար:

Զարմանալի է, որ «Իրավունք» թերթի թղթակիցը, ընկնելով մտածածին սենսացիաների ետևից, չի խորշում հանրությանը հարցազրույց ներկայացնել մեկի հետ, ով վաղուց է խիղճը վաճառել և անգամ իր շրջապատում մարդկային հարգանքի չի արժանանում:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն