12.01.2016

     ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք:

     2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային <Ուլիս Երևան> ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, <Ուլիս 2> ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, <Տոտո> բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև:
     Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: 
     <Ուլիս Երևան> ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: 
     Նախաքննությունը շարունակվում է:



                                                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն