18.12.2015

Այսօր, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշեցին մասնագիտական  տոնը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ընթերցեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  շնորհավորական ուղերձը.

<<Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զարգացման պատկառելի ճանապարհ են անցել: Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես աչքի եք ընկնում պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ:

Անվտանգության ապահովման խնդիրն աննախադեպ սուր է ժամանակակից աշխարհում: Անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների՝ նույնիսկ ամենազարգացած համակարգեր ունեցող երկրներում մենք ականատես ենք դառնում արկածախնդիր և վայրագ գործողությունների: Այս նոր իրավիճակում բոլորիս գերխնդիրն է թույլ չտալ նման ողբերգական իրադարձություններ ու միջադեպեր մեր երկրում:

Հայաստանի Հանրապետությունը չպետք է կորցնի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկի իր համբավը: Մեր քաղաքացիները, ինչպես նաև մեր երկիր այցելող օտարերկրացիներն իրենց պետք է մշտապես ապահով զգան այստեղ:

Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ դուք կարողանում եք մասնագիտական բարձր մակարդակով և պատվով կատարել ձեր պարտքը մեր պետության և ժողովրդի առջև, որի համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ:

Վստահ եմ, որ դուք նույն ոգով կշարունակեք լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության և ազգային անվտանգության մարմիններին վերապահված այլ խնդիրներ:

Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ ձեր բարձր առաքելության մեջ>>:

  Հանդիսավոր նիստի մասնակիցներին իր խոսքով դիմեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ  Գորիկ Հակոբյանը.  



<<  Մեծարգո պարոն վարչապետ:


Հարգելի հյուրեր, գործընկերներ, սիրելի վետերաններ:


Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգու­թյան ծառայության ողջ անձնակազմին, համակարգի վաստակա­շատ վետերաններին` մասնագիտական տոնի կապակցու­թյամբ:

2015 թվականը, ինչպես բոլոր նախորդ տարիները, հագեցած էր զանազան իրադարձություններով, սակայն ազգային անվտան­գության մարմինների համար այն առանձնահատուկ աշխատան­քային տարի էր հետևյալ պատճառներով`

նախ. գարնանը մեր երկիրը և աշխարհասփյուռ հայությունը նշեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի ունեցան հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: Հայաս­տանի տարածքում այդ միջոցառումներին մասնակցեց միլիոնից ավելի մարդ: Ի պատիվ Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և հատկապես օպերատիվ ստորաբաժանում­ների, ինչպես նաև հանրապետության այլ իրավապահ մարմին­ների, պետք է նշեմ, որ որևէ լուրջ միջադեպ, հասարակական անվտանգությանը սպառնացող որևէ իրավախախտում միջոցա­ռումների ամբողջ ժամանակահատվածում տեղի չունեցավ, որի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Միաժամանակ հարկ է նշել, որ ապրիլյան օրերին որոշ քաղաքական ուժեր անա­մոթաբար փորձեցին Երևանում մարդ­կանց աննախադեպ զանգ­վածային հոսքերն օգտագործել իրենց նեղ քաղաքական նպա­տակների համար: Ավելորդ է նշել անգամ, թե ինչ ողբերգական հե­տևանքների դա կարող էր բերել: ՈՒ չնայած այդ ուժերի գոր­ծադրած ջանքերին ու ծախսած ֆինանսներին, նրանց գա­ղա­փար­ները հայ հասարակության մոտ որևէ արձագանք չգտան:

Արտասահմանյան մի շարք երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը խոչընդոտելու փորձեր են կատարվել ադրբեջանական և թուր­քական հատուկ ծառայությունների կողմից` տեղա­կան համայն­քային կառույցների ակտիվ ներգրավմամբ: Նրանց սադրիչ գոր­ծողությունների և հակահայկական ակտիվ քարոզչական նա­խա­ձեռնությունների խափանման գործում էական դեր են խաղացել Ազգային անվտանգության ծառայության հե­տա­խուզության գլխավոր վարչության ձեռք բերած կան­խարգելիչ տեղեկություն­ները, որոնց շնորհիվ այդ մտադրությունները ժամա­նակին բացա­հայտվել և կանխվել են.

եվ երկրորդը. անցնող տարվա ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումները մի քանի անգամ փորձեցին սրել իրա­վիճակը շփման գծում` դիմելով դիվերսիոն-հետախուզա­կան ան­ցումների, որոնք բոլորը տապալվեցին: Սահմա­նամերձ բնակա­վայրերի անվտանգության ապահովման, հետա­խուզական ներ­թափանցումների կանխարգելման և խափանման գործում ևս ազ­գային անվտանգության մարմինները, համագոր­ծակցելով բա­նակի և ոստիկանության համապատասխան ստորաբաժանում­ների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառա­վարման մարմինների հետ, կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը` զերծ պահելով մեր բնակչությանը հակառակորդի վնասակար գործունեությունից:

Միաժամանակ չեն դադարում այլ ուղղություններով Հայաս­տանի Հանրապետության դեմ ադրբեջանական հատուկ ծառա­յությունների թշնամական նկրտումները և սադրիչ գործողություն­ների փորձերը: Դրանց խափանման, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների առջև օրենքով դրված այլ խնդիր­ների` պատշաճ որակով կատարման անհրաժեշտությամբ պայ­մանավորված` ընթացիկ տարում իրենց գործունեությունն են կա­ռուցել Ծառայության հետախուզության, հակահետախուզու­թյան, ռազմական հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի, սահմանա­պահ զորքերի և մյուս մարմիններն ու ստորաբաժանում­ները:

Հետախուզության աշխատանքի կարևոր ուղղություններից է եղել մերձավորարևելյան տարածաշրջանում, հատ­կա­պես Սի­րիայում ստեղծված պատե­րազմական իրավիճակի պայմաննե­րում հայ համայնքի անվտանգու­թյան ապահովմանը հնարավո­րինս օժան­դակելը:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի զարգացում­ներն այսօր անհնար է շրջանցել: Չնայած նրան, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում, անմիջական, ուղիղ կապ չունի Հայաս­տանի Հանրապետության հետ, բայց սիրիահայության արտագաղ­թը, ինչպես նաև փախստականների չդադարող հոսքերը, մասնա­վորապես դեպի Հայաստան, մեզ խորհելու հիմք են տալիս: Պետք է հասկանալ, որ եթե Սիրիայի և Իրաքի համար պատուհաս դար­ձած, աշխարհի բազմաթիվ երկրներում ահաբեկչություններ իրա­կանացրած <<Իսլամական պետություն>> կոչեցյալ չարի­քը շարու­նակի գլուխ բարձրացնել ու ծավալվել, ապա կհասնի նաև Հյու­սիսային Կովկաս, ինչն անմիջականորեն սպառանալիքի տակ կդնի նաև մեր երկրի շահերը: Եվ մենք պետք է պատ­րաստ լինենք, գործընկեր-պետություն­ների անվտանգության մար­միննե­րի հետ համագործակցությունը զարգացնելով, համա­տեղ ջանքե­րով չեզոքացնել բոլոր հնարավոր սպառնալիքները:

Այս և այլ, ոչ պակաս կարևոր ուղղություններով ազգային անվտանգության մարմիններին և, առաջին հերթին, հետախու­զությանն անհրաժեշտ է հետևողականորեն զարգացնել սեփա­կան գործունեության արդյունավետությունը: Իրականացված աշխատանքի հետ մեկտեղ, հետախուզության գործունեության մեջ ար­ձանագրվել են նաև որոշ բացթողումներ, որոնց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Արցախյան պատերազմից ի վեր ազգային անվտանգության մարմինների հակահետախուզական ստորաբաժանումների գոր­ծունեության առանցքը կազմում է ադրբեջանական հատուկ ծառայությունների և նրանց աջակցող Թուրքիայի համանման կառույցների հետախուզական-քայքայիչ գործունեության դեմ պայքարը: 1993 թվականից մինչ օրս Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել և դատապարտվել: Իսկ քանի՞ գործակալ են ի հայտ բերել նրանք: Բառացիորեն զրո: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտում են` փորձելով կապել նրան Հայաս­տանի ազգային անվտանգության մարմինների հետ: Դա մեզ մոտ ընդամենը քմծիծաղ է առաջացնում:

Մեկ այլ հանգամանք ևս: Վերջերս Բաքվում տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների ղեկավար­ների հանդիպում: Բնականաբար, մենք դեմ չենք դրան, և դա մեզ չէր վերաբերի, եթե չլինեին Ադրբեջանի հատուկ ծառայություն­ների ղեկավարների փորձերը` օգտագործել իրենց գործընկեր հատուկ ծառայություններին Հայաստանի Հանրապետության շահերի դեմ: Այդ երևույթը մեզ համար նոր չէ: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ դա անհեռանկար ու անիմաստ զբաղ­մունք է: Ժամանակն ու պատմությունը ցույց կտան, որ այս պայքարն ընթանում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև: Որևէ օգնություն, որ կցուցա­բերվի Ադրբեջանին, մինչ օրս չի տվել ու երբեք չի տա այն արդյունքը, որին ձգտում է Ադրբեջանը: 

Հա­կա­­ռակորդի դեմ տարվող հա­կա­հե­­տախուզական աշխա­տանքի գերակշիռ ծավալն այսօր կազ­մում են կանխարգելիչ միջոցառումները: Վերջին տարիներին պատրաստվել և զանգվա­ծային լրատ­­­­­վամիջոցներով հեռարձակվել են ազգային անվտան­գության մարմինների գործունեությունը լուսա­բա­նող տասնյակից ավելի փաստավա­վերա­գրա­կան ֆիլմեր, հրապա­րակվել են ադր­­­­­­բեջանական հա­տուկ ծառա­յու­թյուն­ների իրական նկրտումները և գործելաոճը բացահայտող բազմաթիվ հա­յ­­­­տա­րա­րու­թյուններ, որոնք էականորեն նպաստել են նաև մեր հասա­րակության տեղեկացվածության աստիճանի և զգոնության բարձ­րացմանը:

Վեր­­ջին տարիներին տպավորիչ ցուցանիշներ են արձա­նա­գր­­­վել նաև տնտեսության, մասնավորապես բանկային, կապի և տրանսպորտի ոլորտներում անվտանգության ապահովման, ինչ­պես նաև անօ­րինական միգրացիայի, կոռուպցիայի, կազմա­կերպ­ված հան­ցավորության ու մաք­սա­­­նենգության դեմ պայքարի ուղղություններում: Ազգային ան­վտան­գու­թյան ծառայության հա­կա­­հետախուզական ստորաբաժանումներն արձագանքում են թվարկված ոլորտներում տեղի ունեցող ցանկացած հանցավոր դրսևորմանը` ան­կախ նրա­նից, դրա կատարողը շարքային քա­ղա­քացի է, բարձրաստիճան պաշտոնատար անձ, թե օտար­­երկրացի: Մասնա­վորա­պես, կաշառակերության և կո­ռուպ­ցի­ոն բնույթի այլ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքում վերջին տարիներին պատաս­խա­նա­տվության են ենթարկվել դատական, պետական կառավարման և տեղական ինք­նա­կառավարման մարմինների շուրջ 90 աշխատողներ: Ընդ որում, քրեական հե­տա­պնդումն իրականացվել է առանց խտրականության, այսինքն` տվյալ մար­միններում պաշ­տո­նեական տարբեր դիրքեր զբաղեցնող անձանց նկատմամբ, և պա­տասխանատվությունից չեն խուսա­փել նաև բարձրաստիճան ծառայողները:

Ոչ պակաս կարևոր ուղղություններից է մնում կազմա­կերպված հանցավորության դեմ պայքարը: Ազգային անվտան­գության ծա­ռայության հակահետախուզական մարմնի կազմում ստեղծ­ված են հատուկ ստորաբաժանում­ներ, որոնք զբաղվում են ծանր հանցա­գործությունների, մասնավորապես պատվերով սպանու­թյունների օպերատիվ բացահայտմամբ: Վերջին նմա­նատիպ դեպքը, կապ­ված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա: Մեր ծառայության բարձր որակավորում ունեցող մասնա­գետները, որոնք այս պահին էլ զբաղվում են նման ծանր հանցագործու­թյունների բացահայտման խնդիրներով, ունեն բոլոր պա­հանջվող որակները, նորագույն գիտելիքներն ու փորձը, որը կա աշխարհի ամենաարդյունավետը համարվող հատուկ ծառայություններում:

Ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջո­ցա­ռում­ների արդյունքում կա­սեցվել է նաև օտարերկրյա քաղաքացիներից բաղ­կացած անդր­ազ­գա­յին մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քար­տերով Հայաս­տա­նի Հանրապետության տարած­քում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Բացահայտվել են միջ­ազ­գային մուտքային հեռախոսազան­գերի ապօրինի ուղղորդումների, ինչպես նաև կա­պի օպերա­տոր­ների նախ­­կին ղեկավարների կողմից խոշոր գումարների յու­րաց­ման նպատակով 2,5 միլիոն դոլարից ավելի անապրանք գոր­ծարք­­ների դեպ­քեր, որոնց արդյունքում պատ­­ճառված 830 միլիոն դրամի չափով վնասը նույնպես վերադարձվել է պե­տա­կան բյուջե:

Հայաստանի Հան­րապետություն տարբեր տեսակի ապ­րանքների մաքսանենգ ներ­կրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը:  

Հակահետախուզական ստորաբաժանումների ուշա­դրու­թյան կենտրոնում է գտնվում նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Տվյալ ուղղությամբ աշխա­տանքի ար­դյուն­քում բա­ցա­հայտ­վել են նշված գործունեության կազմակերպման նոր ուղի­ներ և խմ­բեր, բաղ­կա­ցած այդ թվում օտարերկրացիներից, որոնք ենթարկվել են քրե­ական պա­տաս­խա­նա­տվու­թյան:

Ակնառու ցուցանիշներ են ար­ձա­­­նագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: Ձեռնարկ­ված միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծա­­­ռայությանը հաջողվել է բացահայտել Հայաստանի Հանրա­պետության տա­րած­քով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. առաջինը` Լատինական Ամե­­­րիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը` Իրանից Հայաս­տանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտվել և խափանվել է նշված ուղի­ներով Հայաստանի Հանրապետության տարածք 1 տոննա <<Հե­րոին>>, շուրջ 23 կգ <<Կոկաին>>, 13 կգ <<Ափիոն>> և 36 կգ <<Մե­տամֆետամին>> տեսակի թմ­րանյութերի մաք­­սանենգ ներկրման փորձ: Տարբեր երկրների <<սև շուկաներում>> այս ամբողջ ծավալի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի սահմաններում:

Հարգելի գործընկերներ:

Դեռ անցյալ տարի մենք հայտարարեցինք, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ամեն ինչ անում են գոնե չնչին տեղեկություններ կորզելու համար մեր Զինված ուժերի մասին: Այդ նպատակով նրանք սկսեցին ակտիվորեն կիրառել համա­ցանցի հնարավորությունները, և այդ մեխանիզմը շարունակում է գործել մինչ օրս: Երևում է` հատկացված փողերը չեն ծառայել իրենց նպատակին, այլ գնացել են ոմանց գրպանները, դրա համար էլ մինչև վերջ ուզում են ցույց տալ, թե իբր օրնիբուն աշխատում են այս ուղղությամբ: Բայց պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ այն, ինչ ձեռք են բերել, գրեթե ամբողջությամբ մեր մատուցած տեղեկատվությունն է: Եվ եթե իրենք իրենց սպա­ներին պար­գևատրում են դրա համար, ապա դա իրենց գործն է:

Հակահետախուզության և ռազմական հակահետախուզու­թյան մարմինների հա­­­­­­մատեղ միջոցառումների արդյունքում բա­ցահայտել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշ­խա­­­­­­տակիցների կողմից օգ­տա­գործ­վող մի շարք պրոֆիլներ, որոնցով իրա­կա­­­­­­նացվում էր հետախուզական-քայքայիչ գործունեություն Հայաստանի զինված ուժերի նկատ­­­­մամբ: Համացանցում իրա­կանացվող օպերատիվ-հետախուզական աշ­խա­տան­ք­­­­ների ըն­թացքում բացահայտվել և կալանավորվել են Ադրբեջանի հա­­­տուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի երկու քաղաքացիներ: Զարհուրելին այն է, որ նրանք, չունենալով տվյալներ հայթայթելու հնարավորություն, այդ ստորացուցիչ գործին փորձել են ներքաշել սեփական զավակներին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանու­թյան բանակի ծառայող է, իսկ մյուսը պատրաստվում էր անցնել ծառայության: Զինծառայող որդին, ի հեճուկս ծնողի այդ դավադիր քայլի, ցուցաբերելով իսկական սպային վայել զգո­նություն և հասկանալով, որ դա կարող է հակառակորդի լարած ծուղակ լինել, մերժել է ծնողի խնդրանքը: 

Ռազմական հակահետախուզության ստորաբաժանումների կողմից զգալի աշխատանք է տար­վել նաև զո­րա­կո­չե­րի ըն­թացքում կոռուպցիոն դրսևո­րում­ների ի հայտ բերման ուղղու­թյամբ: Մասնավորապես, իրականացվող օպե­րա­տիվ-հետախու­զական միջոցառումների ընթացքում բացահայտվել, կան­­խվել ու խափավել են տարբեր բժշկական կենտրոնների աշխատողների կողմից կաշառքի դիմաց առանձին զի­նա­­կոչիկների հիվան­դության կեղծ եզրակացություններ տրամադրելու և ծառայությու­նից ազատելու դեպքեր: Նման երկու հանցավոր խմբերի գոր­ծունեության բա­ցահայտման ընթացքում պարզվել է, որ հիվան­դության  կեղծ ախ­տո­րո­շում­ներ են տրամադրվել 18 զինակոչիկ­ների: 4 այսպես կոչված բժիշկներ և 2 զինակոչիկներ ձերբակալ­վել են, և նրանց համապատասխան մեղադրանքներ են առա­ջադրվել:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության առանցքային ուղղություններից մեկի` սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գծով ևս արդ­յունքներն ակնառու են: Այս ուղղությամբ իրականացված աշխա­տանքի ամենավառ օրինակը մեր երկրում նախադեպը չունեցող հանցավոր համագործակցության վնասազերծումն էր: 

Դա տեղի ունեցավ շնորհիվ Ազգային անվտանգու­թյան ծառայության բոլոր օպերատիվ ստորաբաժանումների լար­ված աշխատանքի, իսկ հիմնական մշակումը վարել են Սահմա­նադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայ­քարի գլխավոր վարչության աշխատակիցները: 

Առանձնապես ծանր հանցանքներ պլանավորած զինված հանցախմբի բացա­հայտման և ոստիկանության հետ համագոր­ծակցությամբ բարձր պրոֆե­սիոնալ մակար­դակով իրականաց­ված հատուկ միջոցառ­ման արդյուն­քում կանխվեցին հիրավի հրե­շավոր վտանգներ: Դժվար է նույ­նիսկ պատկե­րացնել, թե հանցա­խմբի հնարավոր գործունեության դեպքում քանի զոհ ու այլ ծանր հետևանքներ կարող էին առա­ջանալ: Քաջ գիտակցելով, որ հան­ցախմբի անդամները մինչև ատամները զինված են` միջո­ցառման մասնակից­ները գործեցին սեփական կյան­քը վտանգե­լով, մի պահ անգամ չվարանելով ու չընկրկելով սպառ­նալիքի առաջ, և բարձր պատ­րաստվածության շնորհիվ խուսա­փելով նույնիսկ չնչին մարմ­նական վնասվածք հասցնելուց և ստանա­լուց:

Եվ հիմա այստեղ, իմ ծառայակից ընկերների ներկայու­թյամբ, ես կրկին անգամ ուզում եմ շնորհա­կալություն հայտնել <<Ալֆա>> հատուկ ստորա­բաժանման հրամա­նատարությանն ու մարտիկներին, ովքեր մասնակցություն են ունե­ցել միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը:

Առանց ավելորդ գովաբանության պետք է փաստել, որ Սահ­մա­նադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայ­քարի գլխավոր վարչության ստեղծման օրվանից մինչև հիմա ահաբեկչական բնույթի որևէ գործողություն, որին մենք ակա­նատես ենք լինում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր, այդ թվում` զարգացած անվտանգության և իրավապահ համակարգ ունեցող երկրներում, Հայաստանում չի կատարվել: Բայց դա ամենեևին չի նշանակում, թե այդպիսի փորձեր չեն ձեռնարկվել: Նշեմ միայն, որ մեր կողմից հավաստի տե­ղեկություններ են ստացվել տարբեր ահաբեկչական կազ­մա­կեր­պություն­նե­րի գոր­ծունեությանը մաս­նակցած օտարերկրյա մի շարք քաղաքացի­ների մա­սին, որոնց մուտքը Հայաստան ժամանակին փակվել է:

Ազգային անվտանգության մարմինները շարունակում են այդ բնա­գավառում ակտիվ համագործակցությունը ինչպես Անկախ պե­տու­թյուն­նե­րի համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազ­մակերպության շրջանակնե­րում, այնպես էլ` այլ միջազգային կա­ռույց­ների և գործընկեր հատուկ ծառայությունների հետ: 

Հարգելի գործընկերներ և հյուրեր:

Համատարած կոմպյուտերիզացիայի պայմաններում մեր գործունեության առաջնահերթություններից է դարձել պետական ապարատի տեղեկատվական համակարգերի անխափան գործու­նեության ապահովումը չարտոնված ներթափանցումնե­րից, կամ, ինչպես ընդունված է ասել, հաքերային հարձակում­ներից:

Արդեն սովորական է դարձել, որ արձանագրված հարձա­կումների զգալի մասը կատարվում է Ադրբեջանի, իսկ որոշ մասը` Թուրքիայի տարածքից: Մենք պատրաստ էինք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռահա­ղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառ­նալիքները կտրուկ աճելու են: Բայց, ի պատիվ Կառավարական կապի և տեղեկատվության վարչության, ինչպես նաև Հակահե­տախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, պետք է նշել, որ միջազգային պահանջներին համապատասխան կա­տարվող համալիր միջոցառումների արդյունքում համացանցային տիրույթում ոչ մի վնասակար գործողություն իր նպատակին չհասավ, իսկ ընթացիկ տարում խափանվեց ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն հաքերային հարձակում, որից շուրջ 500 հազարը` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամա­նակահատվածում, կանխվեց պետական մարմինների համացան­ցային համակարգ վիրուսային, վնասաբեր ծրագրերի ներդրման մոտ 115 փորձ:

Այս տարի ևս պարզաբանվել են ադրբեջանական տարբեր կառույցների պատվերով այլ երկրների տարածքներից կատար­ված հարձակումները: Սակայն, դրանք նույնպես նպատակին չեն հասել, և անվտանգության մարմինների պաշտպանության տի­րույթում գտնվող ոչ մի կայք չի կոտրվել, բացառվել է տեղե­կատվության արտահոսքի հնարավորությունը:

Մենք հուսով ենք, որ անվտանգության հարցերով միջազ­գային կառույցներում ակտիվ ներգրավվածությունը այսուհետ ևս նպաստելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, անդրսահմա­նային և գլոբալ բնույթ կրող այլ հանցատեսակների դեմ արդյու­նավետ պայքարի մեր հնարավորությունների ընդլայնմանը:

Գործընկեր հատուկ ծառայությունների հետ համագործակ­ցության օրակարգային ամենաարդիական հարցերից մեկն է մնում ահաբեկչական և ծայրահեղական տարաբնույթ դրսևորում­ների կանխարգելումն ու խափանումը:

Այդ համատեքստում պետք է գոհունակությամբ նշեմ, որ շարունակաբար կատարելագործվում, ամրապնդվում և բարե­կարգվում է սահմանների պահպանության ընդհանուր համակար­գը: Ինչպես և խոստացել էինք, ավարտին են մոտենում Բագ­րատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցման կետերի արդիականացման աշխատանքները: Այսպիսով` հայ-վրացական պետական սահմանին քաղաքացիների սպասարկումը համապա­տասխանեցվում է միջազգային ամենաբարձր պահանջներին:

 Հետևողական բնույթ է կրում նաև Ծառայության նյութա­տեխնիկական բազայի զարգացումը և տեխնիկական հնարավո­րությունների ընդլայնումը: Ազգային անվտանգության մարմին­ների մի շարք ստորաբաժանումների կողմից օգտագործվող ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ են տալիս որա­կապես բարձրացնել օպերատիվ-հետախուզական գործունեու­թյան արդյունավետությունը:

Ամենայն վճռականությամբ հավաստիացնում եմ մեր հասա­րակությանն ու պետության ղեկավարությանը, որ Ազգային անվտանգության ծառայությունն ունակ և պատրաստ է դիմա­գրավել արտաքին և ներքին մարտահրավերներին: Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու և խափանելու մեր հաստա­տակամությունն անբեկանելի է ու անսասան: Ազգային անվտան­գության ծառայության ղեկավարությունն ու անձնակազմը ցան­կացած պայմաններում շարունակելու են պետական մտածելա­կերպով առաջնորդվելու, բարձր պատասխանատվությամբ գոր­ծելու և սեփական գիտելիքներն ու հմտությունները մշտապես զարգացնելու աշխատաոճը: Դա հիմնական գրավականն է մեր հետագա հաջողությունների` անկախ նրանից, թե սրության ինչ աստիճանի կհասնի հակառակորդ հատուկ ծառայությունների հետ առճակատումը: Մենք շարունակելու ենք կոնկրետ գործերով ապացուցել անվտանգության մարմինների աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու հակառակորդի ոտնձգությունները կանխելու և խափանելու մեր վճռականությունը:

Հատուկ պետք է ընդգծել նաև, որ վերոնշյալ աշխա­տանքներն արդյունավետ իրականացնելու համար մենք ստանում ենք մեր քաղաքացիների գործուն աջակցությունը, որի համար շնորհակալ ենք:

 Ցավոք, պետք է անդրադառնանք նաև մի մտահոգիչ երևույ­թի: Որոշ ընդդիմադիր գործիչներ, մեղադրողի դիրք ընդունելով, շարունակում են մեզ <<ՆԿՎԴ>> կամ <<ԿԳԲ>> անվանել, մոռանալով կամ գուցե ընդհանրապես անտեղյակ լինելով, որ Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, իսկ ժամանակակից դասական ընկալմամբ հետախուզական ու հակահետախուզական կառույցները մեր երկրում ձևավորվել են դեռևս Առաջին Հանրապետության օրոք` 1918 թվականի ամռանը: Եվ ընդամենը մի քանի տարի հետո մենք տոնելու ենք Հայաստանի անվտանգության մարմինների ձևա­վորման 100-ամյակը: Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստա­նին, ապա ավելորդ չէ հիշել, թե Երկրորդ Հանրապետությունն ինչ պայմաններում ձևավորվեց, ինչ դաժան ճանապարհ անցավ, բայց ի վերջո նաև` ինչ ձեռքբերումներ ունեցավ: Իհարկե, երբևէ չպետք է մոռացության մատնել այն բռնաճնշումները, անիրավու­թյունները, որ եղել են: Այդ թեմայով Հայաստանի անվտան­գու­թյան մարմինների պատմության թանգարանում կան նյութեր, որոնցից երևում է նաև, թե հենց պետանվտանգության մարմին­ների քանի աշխատակից է զոհ գնացել կամ տուժել այդ կամայա­կանություններից: Բայց չէ՞ որ դա հիմք չի տալիս մոռացության մատնել մեր անցյալը: Իսկ ինչ է, Առաջին Հանրապետության տարիներին չե՞ն եղել պրոբլեմներ: Կամ ներկայիս Երրորդ Հան­րապետությունում ամեն ինչ իդեալակա՞ն է, չ՞կան հիմնախնդիր­ներ, թերություններ, բացթողումներ:

Զավեշտալին այն է, որ այսպես կոչված մեղադրողները մարդիկ են, ովքեր 20 տարի շարունակ ոչ մի տեղ չեն աշխատում և ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են <<փեշակ>>: Ոմանք էլ նույնիսկ հանգանակություններ են կազմակերպում ար­տասահմանում` Հայաստանում իրենց ընդդիմադիր գործունեու­թյան ֆինանսավորումն ապահովելու համար:

Այնպես որ, տիկնայք և պա­րոնայք, մեկընդմիշտ հիշեք. առանց իմաստավորելու անց­յալը` ապագան չի կարելի կերտել: Անցյալը մեզ հետ է, և դա մեզանից չես խլի: Մենք չենք կարող հրաժարվել նրանից: Միայն անխելք մարդը կարող է կարծել, որ հնարավոր է հրաժարվել պատմու­թյունից: Բայց մենք պատրաստ ենք այսուհետ ևս շարժվել, մեր կարծիքով, ամենաճիշտ ճանա­պարհով` բոլոր քննադատող­ներին հանգիստ, համբերատար բա­ցատրելով այս ամենը:

Այսօր մեր երախտագիտության խոսքը, շնորհավորանքն ու բա­րեմաղթանքներն ենք հղում մեր համակարգի վաս­տակաշատ վետերաններին, որոնց անգնահատելի փորձը, գիտե­լիքները, ան­սահման նվիրվածությունը ազգային անվտանգու­թյան ապահով­ման գործին մշտական ուղենիշ են լինելու աշխա­տակիցների աճող սերունդների համար: Միևնույն ժամանակ, ուշադրության կենտ­րո­նում են մնում երիտասարդ աշխատակից­ների դաստիա­րակու­թյան, նրանց մոտ պետական մտածելակեր­պի խորացման խնդիրները:

Պետության ղեկավարության մշտական հոգածության առարկա են նաև Ծառայության անձնակազմի սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման հարցերը: Աստիճանաբար ծավալ­վում է բնակարաններ գնելու նպատակով արտոնյալ պայմաննե­րով վարկերի տրամադրման ծրագիրը:

Հարգելի գործընկերներ, հյուրեր, սիրելի վետերաններ:

Ամփոփելով խոսքս` կրկին ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ քաջա­ռողջություն, ուժերի և կարողությունների բազմապատկում, ան­կոտ­րում կամք ու հաստատակամություն` մեր Հայրենիքի` Հայաստա­նի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգու­թյան ապահովման նվիրական գործում>>: 

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի եւ մատուցած նշանակալի ծառայությունների համար ԱԱԾ մի խումբ ծառայողներ պարգեւատրվեցին պետական պարգեւներով։ ՀՀ նախագահի պարգեւները հանձնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ—մայոր Հրանտ Եպիսկոպոսյանին շնորհվեց գեներալ—լեյտենանտի զինվորական կոչում։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Երկրորդ աստիճանի» մեդալով պարգեւատրվեցին ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արամ Հակոբյանը, սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, Ա վարչության պետ, գնդապետ Վահան Թադեւոսյանը։ «Մարտական ծառայության» մեդալով պարգեւատրվեցին ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արմեն Հակոբյանը, սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, գնդապետ Սամվել Հարությունյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետ, գնդապետ Աշոտ Պետրոսյանը, ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը, հակահետախուզության գլխավոր վարչության գործող պահեստազորի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հրաչյա Եգանյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ավետիսյանը։ 


Այնուհետև ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորական խոսքով դիմեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և   բարձր  գնահատական տվեց վերջերս Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման օպերացիային, որն իրականացվեց Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համատեղ ջանքերով: Կառավարության ղեկավարը  երախտագիտություն հայտնեց իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով մեր երկրի պետականությանն ու հասարակության անվտանգությանը սպառնացող վտանգը վնասազերծելու գործն իրականացրած բոլոր աշխատակիցներին: Վարչապետը նշեց, որ այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: «Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում»,- ասաց կառավարության ղեկավարը: Նրա խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցների գործունեությունն ունի իր առանձնահատկությունը, քանի որ հաճախ այն անտեսանելի է քաղաքացու համար, ավելին, նրանց աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ երբեմն էլ նրանց աշխատանքն ու սխրանքները մնում են գաղտնի, չնայած նրան, որ դրանք էական ազդեցություն են թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա: Վարչապետը գոհունակությամբ  նշեց, որ ՀՀ ԱԱԾ-ն տարիներ ի վեր պատվով և մեծ հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին: 


ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ—գնդապետ Գորիկ Հակոբյանին, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ—մայոր Հրանտ Եպիսկոպոսյանին եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ—լեյտենանտ Արզուման Հարությունյանին պարգեւատրեց ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով։ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով։ 

ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին և պարգևներ հանձնեցին նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հրամանգրերով ԱԱԾ   մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին կրծքանշաններով և արժանացան այլ խրախուսանքների:                                                        


                                                                                                                                                                                                        ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն