09.07.2015

     ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի զրպարտանքներին՝ հանրության առջև բացահայտելով նրա իրական դեմքն ու դրդապատճառները :

     Կանխատեսելի էր՝ նման բացահայտումից հետո, հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալը կորցնելու է ինքնատիրապետումը և որպես պաշտպանվելու միջոց ընտրելու է բարձրաստիճան սպաներին վիրավորելու և իր հետ առճակատման սադրելու <<մարտավարությունը>>՝ նման վարքագծով հաստատելով ՀՀ ԱԱԾ տնօրենի խոսքում իր վարքագծին տրված գնահատականի արդարացիությունը : Այնուամենայնիվ, փոքր հույս կար, որ նա կգիտակցի իր քայլերի սնանկությունը և չի շարունակի անհեթեթ հայտարարություններ տարածել:
      Ակնհայտ է, որ նման անհեթեթությունները նրա միակ միջոցն են սեփական անձի <<կարևորությանը>> հավատալու, իսկ իրեն դատի տալու կոչը՝ ոչ այլ ինչ է, քան խուլիգանության համար դատապարտվածի՝ քաղաքական հալածյալի և <<այլախոհի>> իմիջ ձեռք բերելու բաղձանք: 
Այսքանից հետո, կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են: Շարունակել անդրադառնալ նրա զառանցանքներին և ցնդաբանություններին կնշանակի բանավեճի մեջ մտնել նրա հետ, ասել է թե՝ լրջորեն ընդունել և տուրք տալ նրա սադրանքներին: ՀՀ ԱԱԾ-ն հարկ չի համարում այլևս արձագանքել դրանց:
Լրատվամիջոցը, հրապարակելով նման <<զառանցանքներ>>, ավելի շատ կորցնում է, քան ձեռք բերում :


                                                                                                                                                                       ՀՀ ԱԱԾ Մամուլի Կենտրոն