18.03.2015

     ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015թվականի մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը:

     Պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու և դրանք չարձանագրելու դիմաց պահանջել և Ռ. Ա-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլոր կաշառք: 
      Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաև 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու և չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել և ստացել է ևս 40.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախաքննությունը շարունակվում է:



                                                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն